Խոսքի զարգացում


ՋԱՆԻ ՌՈԴԱՐԻ

ՀԵՔԻԱԹՆԵՐ, ՈՐՈՆՔ  ՈՒՆԵՆ ԵՐԵՔ ԱՎԱՐՏ

ՍՐՆԳԱՀԱՐԸ ԵՎ ՄԵՔԵՆԱՆԵՐԸ
Կար-չկար մի հրաշագործ սրնգահար կար: Սակայն դա հին հեքիաթ է, և բոլորն այն գիտեն: Հեքիաթ այն մասին, թե ինչպես էր քաղաքը լցվել մկներով, և մի տղա կախարդական սրնգի օգնությամբ նրանց դուրս հանեց քաղաքից, լցրեց գետը, և նրանք խեղդվեցին: Քաղաքապետը չցանկացավ շնորհակալություն հայտնել սրնգահարին, իսկ նա քաղաքից տարավ բոլոր երեխաներին...
Իմ հեքիաթը նույնպես սրնգահարի մասին է։ Գուցե նույնիսկ հենց նույն սրնգահարի մասին է, իսկ գուցե և՝ ոչ: Այս անգամ քաղաքը գրավել էին... մեքենաները: Նրանք հեղեղել էին բոլոր փողոցները, բոլոր մայթերն ու հրապարակները, փակել էին բոլոր դարպասամուտքերը: Ամենուրեք, որտեղ նայեիր, կանգնած էին ամենատարբեր մեքենաներ. մարդատար, բեռնատար, արկղիկների պես փոքր և շոգենավի պես երկար, ավտոբուսներ, բեռնատարներ, ինքնաթափեր, ավտոգնացքներ, բեռնաքարշեր ու բեռնաքարշիկներ... Դրանցից շատերը դժվարությամբ էին շարժվում. հրմշտելով, դղրդացնելով թափարգելները, ճզմելով կողերը: Բայց, թերևս, ավելի շատ էին այն մեքենաները, որոնք այլևս չէին կարողանում շարժվել, որովհետև տեղ չկար: Եվ նրանք ստիպված կանգ էին առել: Այնպես որ, մարդիկ ճարահատ ոտքով էին քայլում: Բայց դա այնքան էլ հեշտ չէր, քանի որ մեքենաները զբաղեցրել էին ամբողջ ազատ տարածքը: Եվ մարդիկ ստիպված շրջանցում էին մեքենաները, մագլցում նրանց վրայով և նույնիսկ սողում նրանց տակով: Առավոտից իրիկուն այսուայնտեղ հնչում էր.
- Ա՜խ,- դա ինչ-որ անցորդ էր, որ բախվել էր մեքենայի ծածկոցին:
- Վա՜խ,- սրանք էլ երկու անցորդներ էին, որ ճակատ-ճակատի տվեցին՝ բեռնատարի տակով սողալիս:
Մարդիկ, հասկանալի է, բարկությունից կորցնում էին համբերությունը:
- Հարկավոր է վե՛րջ տալ այս խայտառակությանը:
- Պետք է ինչ-որ բան ձեռնարկել:
- Ինչո՞ւ քաղաքապետը չի մտածում այս մասին:
Քաղաքապետը լսում էր այս խոսակցությունները և քրթմնջում. «Մտածելը մտածում եմ: Գիշեր-ցերեկ մտածում եմ: Նույնիսկ ամբողջ հանգստյան օրն եմ մտածել: Բայց, դժբախտաբար, ոչ մի ելք չեմ կարողանում գտնել: Պարզապես չգիտեմ ի՞նչ անել, և ընդհանրապես ինչի՞ց սկսեմ: Բայց չէ՞ որ իմ գլուխը ոչ մեկի գլխից հիմար չէ»:
Մի անգամ քաղաքապետի մոտ մի տարօրինակ տղա եկավ: Նա ոչխարի մորթուց կարված բաճկոնով էր, փայտե կոշիկներով, իսկ գլխին կապույտ ժապավենով զարդարված թասակ ուներ, այնպես որ շատ նման էր գյուղական պարկապզուկ նվագողի: Բայց պարկապզուկ չուներ: Տղան խնդրեց իրեն քաղաքապետի մոտ թողնել, բայց պահակը շատ խիստ հայտարարեց.
- Հանգիստ թող քաղաքապետին: Նա հիմա քո պարկապզուկի ժամանակը չունի:
- Բայց ես պարկապզուկ չունեմ էլ:
- Ավելի վատ: Չունես, ուրեմն նրա ինչի՞ն ես պետք:
- Ասացե՛ք նրան, որ ես գիտեմ, թե ինչպես ազատել քաղաքը մեքենաներից:
- Ի՞նչ, ի՞նչ: Լսի՛ր հեռացի՛ր այստեղից, քանի դեռ գլուխդ վրադ է, թե չէ այդպիսի կատակների համար կարելի է վզակոթին հարված էլ ստանալ:
- Բայց դուք, այնուամենայնիվ, ասացե՛ք քաղաքապետին իմ մասին: Խոստանում եմ, չեք փոշմանի:
Նա այնպես էր պնդում և խնդրում, որ պահակը, վերջիվերջո, խղճաց ու ներս թողեց նրան:
- Բարի օր, պարոն քաղաքապետ:
- Ում համար բարի է, ում համար՝ ոչ: Ինձ համար իսկապես բարի կլինի, այն ժամանակ…
- ... երբ քաղաքը ազատված կլինի մեքենաներից: Եվ ես գիտեմ դա ինչպե՞ս անել:
- Դո՞ւ: Իսկ քեզ ո՞վ է սովորեցրել: Գուցե պոզավոր ա՞յծը:
- Կարևոր չէ, թե ով: Եկեք փորձենք: Չէ՞ որ ոչինչ չեք կորցնում: Իսկ եթե ինչ-որ բան խոստանաք ինձ, արդեն վաղը մեքենաների հետ կապված ոչ մի խնդիր չեք ունենա:
- Հետաքրքիր է, իսկ ի՞նչ պիտի խոստանամ:
- Որ վաղվանից երեխաները միշտ կարող են խաղալ քաղաքի գլխավոր հրապարակում, և որ այնտեղ նրանց համար կդրվեն կարուսելներ, ճոճանակներ, սղարաններ և այլ զվարճանքներ:
- Գլխավոր հրապարակո՞ւմ:
- Գլխավոր հրապարակում:
- Ուրիշ ոչինչ չե՞ս ուզում:
- Ոչի՛նչ:
- Ուրեմն պայմանավորվեցինք: Խոստանում եմ: Ե՞րբ կսկսես:
- Հենց հիմա, պարոն քաղաքապետ...
- Դե՛, սկսի՛ր: Ժամանակ մի՛ կորցրու:
Տարօրինակ տղան ոչ մի վայրկյան չկորցրեց: Գրպանից հանեց հասմիկի թփի ճյուղից պատրաստված փոքրիկ սրինգը և հենց քաղաքապետի առանձնասենյակում մի ուրախ երգ նվագեց, հետո դուրս եկավ փողոց և, շարունակելով նվագել, գնաց դեպի գետը: Եվ այդ ժամանակ...
- Տեսե՛ք, ի՞նչ պատահեց այս ավտոմեքենային։ Այն ինքն իրեն միացավ:
- Այս մեկը նույնպես:
- Վա՜յ, բայց չէ՞ որ դա ի՛մն է: Ինչ-որ մեկն ուզում է գողանալ իմ մեքենան: Բռնե՜ք գողին: Բռնե՜ք գողին:
- Այստեղ ոչ մի գող էլ չկա, չե՞ք տեսնում, ինչ է: Մեքենաներն իրենք իրենց են միացել…
- Արագացնում են ընթացքը... Հեռանո՜ւմ են:
- Ո՞ւր են այսպես շտապում :
- Իմ մեքենան է: Կանգնի՛ր, կանգնի՛ր ասում եմ: Վերադարձի՛ր ինձ մոտ:
Քաղաքի բոլոր մեքենաները հանկարծ սլացան մի ուղղությամբ՝ անհավանական ու չլսված աղմուկ բարձրացնելով իրենց շարժիչների հռնդոցով, շչակների ու սուլիչների ազդանշաններով … Եվ բոլորը շարժվում էին ինքնուրույն, առանց վարորդների:
Բայց այդ հրեշավոր աղմուկի մեջ, որ տարածվում էր քաղաքի վրա, ուշադիր լսելու դեպքում կարելի էր զանազանել զրնգուն և ուրախ այն մեղեդին, որը տղան նվագում էր սրինգով…

ԱՌԱՋԻՆ ԱՎԱՐՏ
Մեքենաները սլանում էին դեպի գետը: Իսկ սրնգահարը կանգնել էր կամրջի մոտ և անդադար նվագում էր… Երբ կամրջի վրա բարձրացավ առաջին մեքենան, որը զուտ պատահականությամբ քաղաքապետինն էր, տղան մի փոքր փոխեց երաժշտությունը և բարձր նոտա նվագեց: Կարծես ազդանշանով կամուրջը փլվեց: Մեքենան ընկավ գետը, և հոսանքը միանգամից տարավ այն: Նույն կերպ երկրորդ մեքենան ընկավ ջուրը, հետո՝ երրորդը։ Բոլոր մեքենաները, մեկը մյուսի հետևից, երբեմն էլ մի քանիսը միասին, ընկան ցած՝ հռնդացնելով շարժիչները և հրաժեշտի ազդանշան տալով։ Եվ հոսանքը նրանց տարավ հեռու:
Իսկ մեքենաներից ազատված փողոցներն արդեն լցվել էին երեխաներով: Նրանք ուրախ ու գոհ վազվզում էին և գնդակ խաղում: Աղջիկները զբոսնում էին խաղալիք սալյակների մեջ դրված իրենց տիկնիկներով, իսկ տղաները հեծանիվ էին քշում…
Բայց մեծերը սարսափի մեջ էին: Նրանք գլուխները բռնած զանգահարում էին հրշեջ ծառայություն, ոստիկանություն և պահանջում էին կարգ ու կանոն հաստատել :
- Ինչո՞ւ ոչ մեկ չի կանգնեցնում այդ խելագարին: Բռնե՛ք նրան վերջապես, գրողը տանի: Թող լռի՛ այդ անիծված սրնգահարը:
- Պետք է հենց իրեն, այդ սրինգի հետ միասին, գցել ջուրը:
- Քաղաքապետը նույնպես խելքը գցել է. ոչնչացնե՜լ մեր հիանալի մեքենաները...
- Նրանք այնքա՜ն թանկ արժեն:
- Կարագը նույնպես էժան չէ:
- Կորչի՛ քաղաքապետը։ Նրան թոշակի՛ ուղարկեք:
- Հեռացրե՛ք սրնգահարին:
- Վերադարձրե՛ք ինձ իմ մեքենան:
Ամենահամարձակները նետվեցին, որ բռնեն սրնգահարին, բայց չկարողացան նույնիսկ դիպչել նրան: Տղայի և ամբոխի միջև կարծես մի անտեսանելի պատ էր բարձրացել, որ պաշտպանում էր նրան: Եվ մարդիկ իզուր էին բռունցքներով և ոտքերով հարվածում պատին: Սրնգահարը սպասեց այնքան, մինչև ջրում անհետացավ վերջին մեքենան, իսկ հետո թռավ ջուրը, լողաց մյուս ափը, խոնարհվեց բոլորին և անհետացավ անտառում:

ԵՐԿՐՈՐԴ ԱՎԱՐՏ
Մեքենաները սլացան դեպի գետը և մեկը մյուսի հետևից, հրաժեշտի ազդանշան տալով, սուզվեցին հատակ: Վերջինը քաղաքապետի մեքենան էր, որն անհետացավ գետում: Այդ ժամանակ գլխավոր հրապարակն արդեն լցվել էր երջանիկ երեխաներով: Երեխաների զրնգուն, ուրախ ձայները խլացնում էին քաղաքացիների բողոքները, որոնք քիչ էր մնում լաց լինեին՝ տեսնելով, թե ինչպես են անհետանում իրենց մեքենաները: Վերջապես սրնգահարը դադարեց նվագել, բարձրացրեց աչքերը և տեսավ, որ դեպի իրեն է գալիս սպանալից ամբոխը՝ քաղաքապետի գլխավորությամբ:
- Դե ինչ, գո՞հ եք, պարոն քաղաքապետ,- հարցրեց նա:
- Ես հիմա քեզ ցո՛ւյց կտամ, թե որքան եմ գոհ: Եվ դու կարծում ես, որ դա հաջո՞ղ մտահղացում էր: Մի՞թե չգիտես, թե որքան աշխատանք ու գումարներ են ներդրված յուրաքանչյուր մեքենայի վրա: Սրա՜ն տեսեք, քաղաքն ազատագրելու միջոց գտավ…
- Բայց ես… Բայց դուք…
- Դու սրիկա՛ ես, ա՛յ թե ով ես դու: Եվ եթե չես ուզում կյանքիդ մնացած մասը բանտում անցկացնել, վերցրու սրինգդ և դուրս հանիր գետից բոլոր մեքենաները: Եվ որ բոլորը, մեկ առ մեկ, ետ վերադառնան:
- Բռա՜վո: Հրաշալի՜ է։ Կեցցե՛ պարոն քաղաքապետը:
Եվ տղան արեց այնպես, ինչպես խնդրել էին: Ենթարկվելով սրնգի կախարդական հնչյուններին՝ մեքենաները վերադարձան ափ, նորից շարժվեցին ճանապարհներով և հրապարակներով, նորից զբաղեցրին իրենց նախկին տեղերը՝ վռնդելով գնդակներով և հեծանիվներով երեխաներին: Մի խոսքով, ամեն ինչ նորից դարձավ առաջվա պես:
Իսկ սրնգահարը լուռ հեռացավ ինչ-որ տեղ: Շատ տխուր հեռացավ։ Եվ ոչ մեկն այլևս երբեք ոչինչ չլսեց նրա մասին:

ԵՐՐՈՐԴ ԱՎԱՐՏ
Եվ մեքենաները, հնազանդվելով սրնգի հրամանին, գնացին... Եվ մոտեցան գետին, ինչպես Գամելինի մկները: Բայց ո՛չ, իհա՛րկե ոչ: Մեքենաները գնացին, գնացին... և ահա արդեն քաղաքում ոչ մի մեքենա չմնաց, նույնիսկ ամենափոքր մեքենան: Դատարկվեց գլխավոր հրապարակը, դատարկվեցին փողոցները, ազատվեցին նրբանցքներն ու մայթերը: Իսկ ո՞ւր անհետացան մեքենաները:
Եթե ուշադիր լսեք, կհասկանաք՝ ինչն ինչոց է: Հիմա մեքենաները սլանում են գետնի տակով: Կախարդական սրնգի օգնությամբ այդ զվարճալի տղան փողոցների և հրապարակների տակ ճանապարհներ անցկացրեց: Ահա դրանցով էլ սլանում էին մեքենաները: Կանգ էին առնում, վերցնում էին իրենց տերերին և շարունակում էին սլանալ: Հիմա արդեն բոլորի համար տեղ կար. գետնի տակ՝ մեքենաների, գետնի վրա՝ մարդկանց համար, ովքեր ուզում էին անհոգ թափառել քաղաքում և հանգիստ, առանց մեքենաներից մի կողմ փախչելու, զրուցել տարբեր բաների մասին. քաղաքականության, ֆուտբոլի, Լուսնի… Հիմա տեղը բավարարում էր նաև երեխաներին, որոնք ուզում էին վազել ու խաղալ, և կանանց, որոնք շտապում էին խանութներ:
- Ի՜նչ հիմարն էի,- հիացած բացականչեց քաղաքապետը:- Ի՜նչ հիմարն էի, որ այդ մասին գլխի չէի ընկել առաջ:
Իսկ սրնգահարին հուշարձան կանգնեցրին: Նույնիսկ երկու հուշարձան: Մեկը՝ գլխավոր հրապարակում, մյուսը՝ դարձյալ գլխավոր հրապարակում, միայն թե գետնի տակ: Եվ նա կանգնած է այնտեղ, մեքենաների կողքին, որոնք սլանում են իրենց ստորգետնյա մայրուղիներով:


ՇՐՋԱՊՏՈՒՅՏ՝ ՔԱՂԱՔՈՒՄ

Պաոլոն շատ գործունյա երեխա էր: Նա ոչ մի րոպե չէր կարող մնալ առանց ինչ-որ հետաքրքիր և օգտակար գործ անելու։ Նա երբեք չէր ձանձրանում, քանի որ միշտ կարողանում էր իր համար հետաքրքիր խաղ, աշխատանք, զբաղմունք հորինել: Ու բացի այդ, նա շատ համառ մարդ էր. եթե մի անգամ ինչ-որ բան որոշեր, չէր նահանջում, գործը կիսատ չէր թողնում, քանի դեռ մինչև վերջ չէր հասցրել:
Մի անգամ արձակուրդի ժամանակ Պաոլոն սեղանին փռեց քաղաքի մեծ քարտեզը և սկսեց ուշադիր զննել փողոցների բարդ ցանցը. կենտրոնում՝ առաձպես խճճված, իսկ ծայրամասերում՝ մի քիչ ավելի պարզ։
Պաոլոն կողմնացույցը դրեց քարտեզի վրա և մատիտով շրջագծեց։ Թե ինչու այդպես վարվարեց, ինքն էլ չգիտեր: Իսկ երբ կողմնացույցը մի կողմ տարավ և տեսավ, թե ինչ ուղիղ շրջան ստացվեց, մտածեց, որ շատ հետաքրքիր կլիներ... Ինչ խոսք, դա շատ տարօրինակ միտք էր, բայց, այնուամենայնիվ, ինչո՞ւ չփորձել: Եվ նա տեղնուտեղը որոշեց քաղաքում նույնպիսի մի պտույտ կատարել, ինչպիսի շրջանագիծ ստացվել էր կողմնացույցի օգնությամբ։
Ընդհանրապես քաղաքի փողոցները հազվադեպ են սլաքի պես ուղիղ լինում: Ավելի հաճախ դրանք ինչ- որ տեղ են թեքվում, շրջվում են մերթ աջ, մերթ ձախ՝ անընդհատ փոխելով ուղղությունը։ Նույնիսկ օղակաձև զբոսայգիներն ու ճեմուղիները շատ պայմանական շրջաններ են։ Դրանք ոչ մեկը կողմնացույցի օգնությամբ չի գծել։ Իսկ Պաոլոն մտածեց շրջել քաղաքում ճիշտ այն շրջանով, որը գծել էր քարտեզի վրա կողմնացույցի օգնությամբ՝ մի քայլ անգամ չշեղվելով շրջանագծից, որը բարակ էր, ինչպես պարզ և հստակ միտքը:
Միանգամայն պատահաբար շրջանագիծն անցնում էր հենց նույն փողոցով, որտեղ ապրում էր Պաոլոն: Տղան ծալեց քարտեզը և դրեց գրպանը: Մյուս գրպանը կարկանդակ դրեց, եթե ճանապարհին ուտել ուզենար, և առանց երկար մտածելու ճանապարհ ընկավ:
Դուրս գալով տանից՝ նա որոշեց գնալ դեպի ձախ: Որոշ ժամանակ շրջանը նրան տանում էր ուղիղ, իսկ հետո հանկարծ հատեց փողոցը հենց երթևեկելի մասում, այնտեղ, որտեղ հետիոտների համար սպիտակ նշագծեր չկային։ Բայց Պաոլոն չնահանջեց իր մտադրությունից: Շրջանագծին հետևելով՝ նա նույնպես հատեց փողոցը և կանգ առավ ինչ-որ դարպասի դիմաց: Փողոցն ուղիղ էր գնում, իսկ շրջանի եզրագիծը թեքվում էր դեպի այս դարպասը։ Իսկ դրանից հետո, կարծես թե հասնում էր հեռվում երևացող տների խմբին, հետո՝ ավելի ձախ գտնվող փոքր հրապարակին։
Պաոլոն մեկ անգամ ևս նայեց քարտեզին, անցավ դարպասը և հայտնվեց բակում: Բակը կտրել-անցնելը դժվար չէր։ Իսկ հետո՞ ինչ կա: Դրանից հետո շքամուտքն էր, ներսում՝ աստիճանները: Բարձրանա՞լ: Իսկ հետո ի՞նչ պիտի անի։ Դե՛, ասենք, կհասնի վերջին հարկ, ենթադրենք դուրս կգա տանիք… Բայց չի կարողանա անցնել հարևան շենքի տանիք։ Էդ մատիտով է հեշտ թռչել մի շենքից մյուսը, իսկ ոտքով և առանց թևերի այնքան էլ հեշտ չէ:
Բարեբախտաբար, աստիճանահարթակում պատուհան կար: Ճիշտ է, բարձր էր ու շատ նեղ: Պաոլոն նորից նայեց քարտեզին. կասկած չկար. որպեսզի առաջ շարժվեր, հարկավոր էր հենց այստեղից անցնել: Մնում էր միայն պատուհանից դուրս խցկվել:
Երբ նա արդեն բռնվել էր փեղկից և ցանկանում էր վեր ձգվել, ինչ-որ մեկը հանկարծ ձայն տվեց: Պաոլոն քարացավ, կարծես վախեցած սարդ լիներ պատի վրա։
- Ա՛յ տղա, այդ ո՞ւր էս խցկվում։ Այդ ի՞նչ է խելքիդ փչել: Հենց հիմա իջի՛ր այդտեղից,- հրամայեց նրան աստիճաններով իջնող մի մարդ։
- Այդ ի՞նձ եք ասում:
- Բա էլ ու՞մ։ Խոստովանի՛ր տեսնեմ, գուցե գո՞ղ ես: Դե չէ՛, գողի նման չես։ Ուրեմն ի՞նչ ես անում այստեղ։ Իսկ գուցե մանրամարզությա՞մբ ես զբաղվում:
- Ճիշտն ասած, պարո՛ն... ես միայն ուզում եմ անցնել ա՛յ, այն բակը…
- Բայց դրա համար պետք է դուրս գալ շքամուտքից, շրջանցել տունը և մյուս դարպասից մտնել բակ:
- Ո՛չ-ո՛չ, չեմ կարող…
-Հասկանում եմ: Երևի, ինչ-որ վատ բան ես արել և վախենում ես, որ կպատժեն:
-Ո՛չ, հավատացնում եմ, ոչինչ չեմ արել:
Պաոլոն ուշադիր նայեց իրեն բռնող մարդուն։ Կարծես թե բարի էր: Ձեռքին ձեռնափայտ կար, բայց դրանով ոչ թե սպառնում էր, այլ միայն հենվել էր վրան: Բացի այդ, նա ժպտում էր: Եվ Պաոլոն որոշեց վստահել նրան ու պատմել իր ծրագրի մասին:
- Պտույտ քաղաքո՞վ,- կրկնեց պարոնը,- հետևելով քարտեզի գրա գծված շրջանագծի՞ն: Հենց դա՞ ես ուզում անել:
-Այո՛, պարոն:            
- Տղա՛ս, դա անհնար է: Իսկ ի՞նչ կանես, եթե հայտնվես մի պատի մոտ, որը պատուհան չունի:
- Կմագլցեմ-կանցնեմ պատի վրայով։
- Իսկ եթե պատը շատ բարձր լինի և չկարողանա՞ս մագլցել։
-Անցք կբացեմ և կանցնեմ:
- Իսկ ի՞նչ կանես, երբ հայտնվես գետի մոտ: Տե՛ս, քո քարտեզի վրայի շրջանագիծն անցնում է գետի ամենալայն մասով, իսկ այնտեղ կամուրջ չկա:
- Բայց ես կարողանում եմ լողալ:
- Հասկանում եմ, հասկանում: Դու նրանցից չես, ովքեր հեշտությամբ են նահանջում, այնպես չէ՞:
- Դե՜, այո՛:
- Քո գլխում հստակ ծրագիր կա, ինչպես քարտեզիդ վրայի շրջանագիծը... Դե՛, ի՞նչ ասեմ, փորձի՛ր:
- Որեմն թույլ կտա՞ք դուրս գամ այս պատուհանով։
- Իհա՛րկե: Եվ նույնիսկ կօգնեմ քեզ: Դե՛, դիր ոտքդ ձեռքիս, հետո՝ այստեղ, բարձրացի՛ր... Զգո՛ւյշ, չընկնես...
- Շնորհակալ եմ, պարո՛ն: Ցտեսությո՜ւն:
Պաոլոն շարժվեց առաջ: Նա գնում էր ճիշտ շրջանով, ոչ մի քայլ չշեղվելով այն շրջանանագծից, որը նկարել էր քարտեզի վրա կողմնացույցի օգնությամբ: Եվ ահա հայտնվեց հրապարակում, ձիավոր արձանի մոտ։ Բրոնզե ձին իր հավերժական շարժման մեջ քարացել էր մարմարե պատվանդանին։ Հերոսը, որի անունը Պաոլոն չգիտեր, մի ձեռքով պինդ բռնել էր ձիու սանձափոկը, իսկ մյուսով մատնացույց էր անում հեռուն։ Թերևս հենց այն կողմ, ուր Պաոլոյին տանում էր իր շրջանագիծը։ Ի՞նչ անել: Սողա՞լ ձիու ոտքերի արանքով, բարձրանալ հերոսի գլխի՞ն, թե՞ պարզապես շրջանցել հուշարձանը։

ԱՌԱՋԻՆ ԱՎԱՐՏ
Պաոլոն մտածում էր, թե ինչ անել, երբ հանկարծ նրան թվաց, որ ձիու վրա նստած մարդը գլխով արեց իրեն, և նույնիսկ շատ աննկատ, բայց աչքով արեց։
- Արդեն աչքիս տարբեր հրաշքներ են երևում,- վախեցավ Պաոլոն:
Բայց բրոնզե հերոսը պնդում էր: Այժմ նա նույնիսկ իջեցրել էր այն ձեռքը, որն առաջ ինչ-որ տեղ էր ցույց տալիս և ձեռքի շարժումով հրավիրում էր տղային:
- Դե՛,- ասաց նա,- բարձրացի՛ր: Այս ձիու վրա երկուսիս համար էլ տեղ կլինի:
- Բայց ես, գիտեք, թե ինչ...
-Դե՛, հերի՛ք է իմ համբերությունը փորձես: Կարծում ես՝ չե՞մ կարողանա առանց կարկինի օգնության շրջանագծով գնալ։ Նստի՛ր: Ես ինքս քեզ քո երկրաչափական ճանապարհորդությանը կտանեմ։ Դու դրան արժանի ես, քանի որ դժվարությունների առաջ կանգ չես առնում:
- Շնորհակա՛լ եմ: Շա՜տ շնորհակալություն: Բայց…
-Ո՜ֆ, ի՜նչ էլ շատ ես խոսում։ Բացի այդ, նաև գոռոզ ես, չես սիրում, երբ քեզ օգնում են:
- Հարցը դա չէ…
- Ուրեմն այն է, որ շատ ես սիրում անտեղի խոսել: Բարձրացի՛ր, որ գնանք: Դու ինձ դուր ես գալիս, քանի որ կարողանում ես հետաքրքիր գործեր հորինել և դժվարություններից չես վախենում։ Արագացրո՛ւ, ձին արդեն արթնանում է: Ես չգիտեմ, թե ինչ հրաշքով, բայց դու հայտնվել ես այստեղ տարվա մեջ այն միակ օրը, երբ մեզ թույլատրվում է իջնել մեր պատվանդանից և արշավել հին օրերի պես։ Դե ի՞նչ, վերջապես գալի՞ս ես, թե՞ ոչ:
Եվ Պաոլոն որոշում կայացրեց: Նա կառչեց հերոսի ձեռքից... Եվ ահա արդեն թամբին էր ու սլանում էր… և նրա ոտքերի տակ ամբողջ քաղաքն էր: Իսկ քաղաքի վրա լուսավորվում էր ոսկեգույն շրջանակը՝ հրաշալի, փայլուն մի ճանապարհ, որ ուղիղ ու ճշգրիտ էր, ինչպես այն շրջանագիծը, որ նկարել էր քարտեզի վրա՝ կողմնացույցի օգնությամբ:

ԵՐԿՐՈՐԴ ԱՎԱՐՏ
Մտածելով, թե ինչ անել, Պաոլոն հայացք գցեց շուրջը՝ այն հրապարակին, որտեղ հուշարձանն էր կանգնած։ Շրջանագիծը հատում էր հրապարակը և գնում էր դեպի բարձր գմբեթով հնամյա տաճարը։ Գիծը դռների կարիք չուներ, իսկ ինքն ի՞նչ պիտի աներ։ Ինչպե՞ս կարող էր անցնել բերդապարիսպի նման հաստ ու ամուր այդ պատի միջով։ Շրջանագծից չշեղվելու համար անհրաժեշտ էր բարձրանալ գմբեթի վրա։ , Հեշտ էր ասել։ Առանց պարանի ու մեխերի նման բան չէր անի նույնիսկ ամենափորձառու ալպինիստը, ամենահամարձակ լեռնագնացը: Չէ՛, ոչինչ չի ստացվի: Ստիպված է նահանջել։ Երազանքն անիրականանալի է, կյանքի ճանապարհները երբեք երկրաչափական պատկերների նման ուղիղ, հստակ ու անթերի չեն լինում:
Պաոլոն մի անգամ էլ նայեց հերոսին։ Անշարժ ու խիստ նա շարունակում էր իր պատվանդանի բարձունքից ինչ-որ հեռու ու անհասանելի նպատակակետ ցույց տալ: Դանդաղաքայլ ու տխուր Պաոլոն գնաց տուն՝ ակամա հետևելով ծանոթ ճանապարհի արտասովոր ու անբացատրելի շրջադարձերին:

ԵՐՐՈՐԴ ԱՎԱՐՏ
Հուշարձանի մոտ կանգնած Պաոլոն մտածում էր, թե ինչ անի, երբ հանկարծ զգաց, որ ինչ-որ մեկի փոքրիկ, տաք ձեռքը դիպավ իրեն:
- Տուն եմ ուզում գնալ,- լսեց նա մանկական մի ձայն: Դա փոքրիկ մի տղա էր, մոտ երեք տարեկան: Նրա աչքերում արցունքներ կային և նա հավատով նայում էր Պաոլոյին:
- Որտե՞ղ ես ապրում։
Տղան անորոշ ինչ-որ տեղ ցույց տվեց։
- Մայրիկի՜ս եմ ուզում:
- Իսկ որտե՞ղ է նա:
- Այնտեղ:
Այդ «այնտեղը» նույնպես երեխան անորոշ ինչ-որ կողմ ցույց տվեց։ Պարզ էր միայն մի բան. երեխան կորել էր և չգիտեր տուն տանող ճանապարհը: Նա բռնեց Պաոլոյի ձեռքը և բաց չէր թողնում։
- Ինձ մայրիկիս մոտ տար։
Պաոլոն ուզում էր ասել, որ չի կարող, որ ավելի կարևոր գործեր ունի, բայց տղան այնպիսի հույսով էր նայում նրան... Լա՛վ շրջանը կսպասիՄի ուրիշ անգամ...
- Գնա՛նք,- ասաց Պաոլոն,- գնանք փնտրենք քո մայրիկին:

ՀԵՔԻԱԹՆԵՐԻ Ո՞Ր ԱՎԱՐՏՆԵՐՆ ԵՆ ԴՈՒՐ ԳԱԼԻՍ ՀԵՂԻՆԱԿԻՆ
ՍՐՆԳԱՀԱՐԸ ԵՎ ՄԵՔԵՆԱՆԵՐԸ

Ինձ դուր է գալիս երրորդ վերջաբանը:
Պե՞տք է բացատրել, թե ինչու: Չե՛մ կարծում:

ՊՏՈՒՅՏ ՔԱՂԱՔՈՎ ՄԵԿ
Առաջին ավարտը երազողների համար է, երկրորդը՝ հոռետեսների։
Ես երրորդ ավարտի կողմնակիցն եմ, ինձ դուր է գալիս, որ Պաոլոն զոհաբերեց իր հրաշալի, բայց վերացական երազանքն այն բանի համար, որ գործով օգնի իր աջակցության կարիքն ունեցողին:




Աշնան  արկածները



 Բոլոր ամիսները իրենց գործն  ունեն:
Սեպտեմբերը  հասունացրեց տանձը, խնձորը, խաղողը, դդումը, դեղձն  ու  սերկեվիլը:Նա շատ  աշխատասեր ամիս է, մուրաբա ու կոմպոտ է պատրաստում, ցորենը հավաքում, որ  տաք-տաք հացեր թխենք, բայց աշունը միշտ ինչ որ բան այնպես չի անում, երբ որոշում է օգնել:Հանկարծ բերքահավաքի ժամանակ որոշում է  ծառերը ջրել, հավաքում  է  ապմերին ու առատ անձրև տեղում:Մարդիկ այգուց ու արտերից ցեխերի միջով վազում են տուն, իսկ նա անձրի տակ ուրախ թռչկոտում է:
Անձրև եկավ շաղալեն
Ուռու տերև դողալեն
Վայ լե լե լե...
Երգում է աշունը:
Հոկտեմբերը վրձինն  առնում, սկսում է ծառերը ներկել, թռչուններին ճանապարհում է տաք երկրներ, անձրև է տեղում, որ հողը խոնավ լինի գարնան ծիլերի համար:Հոկտեմբերը նապաստակի համար սպիտակ մուշտակ է կարում:Նա սիրում է տաք-տաք շորեր հագնել, գույնզգույն անձրևանոցներով զբոսնել:Աշունն այդ պահին մաքրում է երկինքը ու որոշում մի քանի օրով շոգ ու ջերմ եղանակ սարքել:Հոկտեմբերը մրթմրթում է տաք բաճկոնը հանում ու հանկարծ աշունը քամի է բարձրացնում ու տերևաթափ է սկսում:
Դեղնած դաշտերին իջել է աշուն,
Անտառը կրկին ներկել է նախշուն
Պաղ-պաղ մեգի հետ փչում է քամին
Քշում է տանում տերևը դեղին:
Ասում է աշունը:
Նոյեմբերը լրիվ մերկացնում է ծառերը, օրն է կրճատում:Նա սիրում է  ցուրտ երեկոյին վառարանի կողքին տաք թեյ խմել, սիրում է տատիկի հեքիաթները և երազներով լի երկար գիշերները:Բույս  ու կենդանիները խորը քուն են մտնում:
Աշունն էլ է սիրում նոյեմբերն ու մեղմ օրորոցային է երգում նրա համար:
Քուն եղիր բալա,
Աչքդ խուփ արա,
Նախշուն աչերուն
Քուն թող գա վրա:


Անձրև
Անձրևը  ինչպես   գիտենք  առաջանում  են  հավաքված  ամպերից: Այդ  ամպերի  մեջ  ջուր  կա,  որը  գոլորշիանում  է  երկրի  վրայից,  և  դառնում  կապույտ  ամպեր: Ամպերը  խտանալով  նորից  դառնում  են ջուր  և  անձրևի  տեսքով  թափվում  երկրի  վրա:Անձրևը  ջրում  է  այգիները,  դաշտերը,  ծաղիկները,  առանց  անձրևի  բնությունը ամբողջովին  կչորանար  ու  կվառվեր  արևի  ճառագայթներից:Հնում  նույնիսկ  մարդիկ  աղոթել  են,  որ  անձրև  գա  և  իրենց  բերքը  չփչանա,  որպեսզի  իրենց  երեխաները  սոված  չմնան:

 

Հասմիկ Աջամյան


Արևային անձրև
Անձրևն եկավ,վազեմ տուն,
Անձրևի տակ էլ ինչ խաղ,
Առնեմ թուրս ու թաքուն
Տնից դուրս գամ ես անվախ:
Աջ ու ձախ թուրս տանեմ,
Կտրեմ շիթերն անձրևի,
Արևի ճամփան պահեմ,
Անձրևը կարճ կտևի:
Ամպն էլ բակում չի գոռա,
Կվախենա իմ թրից,
Օդը մաքուր կշողա,
Արևային անձրևից.

Տերևաթափ
Երբ  գալիս  է  աշունը  տերևները   դեղնում  են,  կարմրում  են  և   ծառերը  դառնում  են գույնզգույն: Իսկ,  երբ  քամի  է  լինում  քամու  հետ  թափվում  են   ցած,  իսկ  ուշ  աշնանը առանց  քամու  էլ  իրենք  թափվում  են   ցած  և  հողը  ծածկում  գույզգույն  գորգերով: Իսկ  ծառերը  պատրաստվում  են  դիմակայել  ձմռանը,  որպեսզի  կարողանան   գարնանը  նորից  ծաղկել  ու  կանաչել:


Հովհաննես Թումանյան
Ա՜յ փոքրիկներ, ա՜յ սիրուններ,―
Ասավ քամին տերևներին,―
Աշուն եկավ, մոտ է ձմեռ,
Ի՞նչ եք դողում ծառի ծերին։
Ոսկի, դեղին, վառ ծիրանի
Գույներ հագեք խայտաբղետ
Ու ճյուղերից ձեր մայրենի
Եկե՛ք ինձ հետ, փախե՛ք ինձ հետ...
Եկե՛ք տանեմ հեշտ ու անթև,
Անհետ ճամփով, անհայտ տեղեր,
Չեք իմանա այսուհետև
Էլ ինչ է դող, ինչ է ձմեռ...
Տերևները հենց լսեցին,
Նախշուն, նախշուն գույներ հագան,
Սըվսըվալով տխուր երգեր՝
Քամու թևին թռան, փախան։

Ծիածան
Ծիածանը  կամարաձև   է: Տեղատարափ անձրևից կամ ամպրոպից հետո կարելի է տեսնել բնության հրաշալի մի երևույթ. գունավոր մի կամար՝ ծիածան։Եվ  մնում  է  այնքան  ժամանակ մինչև,  որ  ջրի  կաթիլները  չեն  գոլորշինում: Իսկ երբ արևից անձրևի կաթիլները գոլորշիանում են, ծիածանն էլ անհետանում է։ Ծիածանը  ունի   յոթ  գույն  դրանք  են՝ կարմիր, նարնջագույն, դեղին, կանաչ, երկնագույն, կապույտ, մանուշակագույն:

Հենրիկ Բաբաջանյան

Ծիածան
- Ծիածա՛ն, ա՛յ ծիածան,
Դու գույների կոր արձան,
Այդ գույները յոթնածիր
Ինչպե՞ս իրար միացան:
-
Անձրևի պաղ ցողերը,
Կաթիլների կողերը
Ջերմ արևից տաքացան,
Դարձան չքնաղ ծիածան,
Երկու սարի արանքում
Կամարվեցին երկնքում:
-
Ծիածա'ն, ա'յ ծիածան,
Երանգների կոր արձան,
Ո՞նց են, ասա', քեզ ներկում,
Որ երկնքից չեն ընկնում:
-
Ծիածանը չեն ներկում,
Նա ծնվում է ներկերում:





Комментариев нет:

Отправить комментарий